Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Պտղի իրավունքը
Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում:
Ռուսաստանը և Ուկրաինան այդ ուղղությամբ առաջին քայլերն են անում, իսկ Հայաստանում մինչ օրս ախտորոշման նպատակով կատարվում են միայն որոշակի հետազոտություններ:
Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, ԼՂՀ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բաղդասարյանը վերջերս վերապատրաստվել է փարիզյան առաջատար կլինիկաներից մեկում: Առողջապահության այդ նոր ուղղության մասին է մեր զրույցը:
Պարոն Բաղդասարյան, 2011թ. ամռանը վերապատրաստվել եք փարիզյան «Անտուան Բեկլեր» համալսարանական կլինիկայում: Ձեր այցի նպատակն էր ծանոթանալ առողջապահության ոլորտի նոր ուղղությանը` պտղի բժշկությանը: Ինչպե՞ս եղավ, որ մեկնեցիք Փարիզ:
- Մեկնել էի արտամարմնային բեղմնավորման ուղղության հիմնադիրներից մեկի` պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանի հրավերով: Նա աշխարհում առաջիններից էր, որը դեռ 1982թ. արհեստական բեղմնավորում իրականացրեց:
Կարելի է ասել, որ Ֆրիդմանը «սրվակային» երեխաների հայրերից է:
- Այո, այդպես է: Այս տարի այդ մեթոդով ծնված աղջիկը կդառնա 30 տարեկան: Ի դեպ, նրա կնքահայրը հենց Ֆրիդմանն է:
Դուք աշխատում եք որպես մանկաբարձ-գինեկոլոգ, ինչո՞ւ ձեր ուշադրությունը սևեռեցիք հենց պտղի բժշկությանը:
- Ինձ, ինչպես և մանկաբարձ-գինեկոլոգներից շատերին անհանգստություն է պատճառում պերինատալ, այսինքն` շուրջծննդաբերական շրջանում (մինչև ծննդաբերությունը և դրանից մեկ շաբաթ անց) մահվան դեպքերի աճը, իսկ պտղի բուժումը նպաստում է այդ ցուցանիշների նվազմանը: Ռենե Ֆրիդմանը մասնակցում էր Հայաստանում ռեպրոդուկտոլոգիայի` վերարտադրողականության հարցերին նվիրված գիտաժողովին: Նրա հետ հանդիպումը կանխորոշիչ եղավ իմ վերապատրաստման հարցում, որը կես բառից ընկալեց իմ հետաքրքրությունը այդ նոր ասպարեզի նկատմամբ և հրավիրեց Ֆրանսիա` վերապատրաստվելու: Հասկացա, թե ինչպես են պայքարում դեռ աշխարհ չեկած երեխայի համար, որտեղ անգամ իրավաբանական հասկացություն գոյություն ունի` պտղի իրավունք: Սովորաբար, երբ մեզ մոտ պարզվում է, որ պտուղն արատ ունի, հղիությունն ընդհատում են: Եվ այդպես են վարվում գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում: Ապշեցի, երբ տեսա, թե Շվեդիայից ժամանած մասնագետները ինչպես էին ջանում փրկել ակնհայտ լուրջ շեղում ունեցող պտղի կյանքը: Զարմանքիս շատ տրամաբանական պատասխան տրվեց` Շվեդիայում մանկածնության մակարդակը չափազանց ցածր է, և շատ հավանական է, որ առաջին հղիությունից հետո կինը հղիանալու հնարավորություն այլևս չունենա: Սա ոչ միայն այլ մոտեցում է, այլև յուրատեսակ մտածելակերպ: Եթե մեր երկրում ծննդաբերող կնոջը հայտնում են, որ երեխան կարող է արատով ծնվել, նա ինքն է պարտադրում, որ հղիությունն ընդհատեն:
«Անտուան Բեկլեր» կլինիկայում ո±վ էր ձեր ղեկավարը: Ի՞նչ վիրահատությունների եք ներկա եղել:
- Ինձ աջակցում էր մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդրա Բենաչին: Ինչ թաքցնեմ, պարզապես ցնցված էի հզորագույն տեխնիկական սարքավորումների առկայությունից: Նման բան մենք երևի միայն ֆանտաստիկ ֆիլմերում ենք տեսնել: Արտակարգ իրավիճակներում բուժանձնակազմը գործում էր հստակ, առանց ավելորդ բառ փոխանակելու: Ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել մի շարք վիրահատությունների, որոնց մասին մենք միայն տեսականորեն ենք տեղեկացված: Օրինակ, ստոծանու ճողվածքով պտղին վիրահատում են նախքան ծնվելը: Թերևս նման վիրահատություն հնարավոր է կատարել երեխայի լույս աշխարհ գալուց հետո, բայց փորձը ցույց է տալիս, որ ներարգանդային ժամանակահատվածում կատարված վիրահատություններն ավելի լավ արդյունք են տալիս: Հաճախ շտկում են երիկամների, սրտի, միզուղիների շեղումները:
Իսկ ուղեղի հետ կապված գործողություններ կատարո՞ւմ են:
- Այո: Ինչպես և բազմաթիվ այլ միջամտություններ, ընդհուպ մինչև արյան շրջանառության շտկումը բազմապտուղ հղիության դեպքում:
Զարգացած երկրներում, հենց Ֆրանսիայում, ինչպե՞ս են պայքարում վիժումների դեմ:
- Արևմտյան երկրներում լայն տարածում ունի ռեկոնցեպտուալ նախապատրաստումը, այսինքն` առողջ երեխա ունենալու նպատակով նախքան հղիությունը ծնողները բազմաթիվ հետազոտությունների են ենթարկվում, այդ թվում` նաև գենետիկական: ԱՄՆ-ի առողջապահության ինստիտուտում հաշվարկել են և պարզել, որ նախածննդաբերական շրջանում ախտորոշում կայացնելու համար ներդրված մեկ դոլարը հինգուկես տարի անց բերում է իննուկես դոլար եկամուտ:
Տեխնիկական առաջընթացից զատ` ուրիշ ի՞նչ կուզենայիք ընդօրինակել Եվրոպայից:
- Ինձ հաճելիորեն զարմացրեց այն երևույթը, որ հղի և ծննդաբերող կանայք բոլոր գործողություններին ներկայանում էին իրենց ամուսինների կամ զուգընկերների ուղեկցությամբ: Եվ զգացվում էր, որ դա անկեղծ վերաբերմունք է ու անպայման դրական ազդեցություն կունենա հղիության ընթացքի վրա:
Ներարգանդային շրջանում արատների զարգացման վերաբերյալ Հայաստանում և ԼՂՀ-ում վիճակագրական տվյալներ կա՞ն:
- Քանի որ ես աշխատում եմ ԼՂՀ-ում, ուստի նշեմ, որ հանրապետության գլխավոր մանկաբույժի տվյալների համաձայն, պերինատալ մահացության բոլոր դեպքերի մեկ երրորդը ներարգանդային շրջանում արատների հետևանք է: Եթե մեզ մոտ կիրառվեն բուժման ժամանակակից միջոցներ, այդ կորուստները հնարավոր կլինի նվազեցնել:
Պարոն Բաղդասարյան, ինչո՞վ էր հիմնավորված ձեր կենտրոնում մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ստեղծումը:
- Մեր կենտրոնը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական բազաներից է: Այդ ամբիոնն անհրաժեշտ է տեղի մասնագետների վերապատրաստման համար: Բացի այդ, մշտապես վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում մանկաբարձների և գինեկոլոգների համար, հնարավորություն է ստեղծվում հետդիպլոմային կրթություն ստանալուն, այսինքն` նպաստում ենք կլինիկական օրդինատորների որակավորմանը: Այդ ամենը կյանքի կոչվեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դ. Դումանյանի և նույն հաստատության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ. Օկոևի ջանքերի շնորհիվ:
Ըստ ձեզ` հնարավո՞ր է մոտ ապագայում Հայաստանում և Ղարաբաղում ևս կիրառել պտղի ներարգանդային շրջանում բուժման մեթոդը:
- Երևանի առաջատար բուժհաստատություններում բարձրակարգ ախտորոշման բազա գոյություն ունի, ինչը չեմ կարող ասել ԼՂՀ-ի մասին: Համոզված եմ` համապատասխան սարքավորումների առկայության և մասնագետների վերապատրաստման դեպքում պտղի բժշկությունը հնարավոր է կիրառել նաև մեզ մոտ:
12.04.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
03.04.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ